Այսօր Սուրբ Աստվածածնի ավետման օրն է
«Օրհնյալ ես դու ի կանայս, և օրհնյալ է պտուղը որովայնի քո» (Ղուկ. Ա 42-43):
Ամեն տարի ապրիլի 7-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը:
Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսն այդ օրը հռչակել է որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր:
Ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագ է մատուցվում, և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ է կատարվում:
«Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակը Աստծո կողմից ուղարկվեց Գալիլիայի մի քաղաք, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որ նշանված էր Հովսեփ անունով մի մարդու հետ՝ Դավթի տնից: Եվ այդ կույսի անունը Մարիամ էր: Եվ հրեշտակը, գալով նրա մոտ, ասաց. «ՈՒրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է... Մի՛ վախեցի՛ր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար: Եվ ահա՛ դու կհղիանաս և կծնես մի որդի և նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի և Բարձրյալի որդի կկոչվի: ... ՈՒ նրա թագավորությունը վախճան չի ունենա» (Ղուկ. Ա 26:33):
Հրեշտակապետի ավետիսն անակնկալ էր Մարիամի համար, քանի որ նա դեռ տղամարդ չէր ճանաչել: Սակայն, իմանալով իրողությունը, ասաց. «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը...» (Ղուկ. 1:38): Սա է ավետման այն գեղեցիկ պատմությունը, որ փոխանցել է մեզ Սուրբ Գիրքը (armchurch .am):
Տե‘ր, թող ամեն կին հղիության, երեխա ծնել ու մեծացնելու բերկրանքին արժանանա ու պահիր, պահպանիր ամեն իր մոր երեխային։
Ամեն
Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ